Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Սկանդալ չէ, երբ դու պաշտպանում ես ճշմարտությունը

Սկանդալ չէ, երբ դու պաշտպանում ես ճշմարտությունը
15.10.2016 | 12:20

ԵԽԽՎ լիագումար նիստում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը ազատ դեբատների ընթացքում հայտարարեց, թե Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախկին նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը սպանվել է ՀՀ իշխանությունների ձեռքով` ազատության համար: Ադրբեջանցի պատվիրակը հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են, և այն մի քանի լրագրողները, որոնք ազատ են խոսում, ոչնչացվում են»: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն իր ելույթում կարճ հակադարձեց Հուսեյնովին, այնուհետև խոսեց ԵԽԽՎ-ի` կոռումպացված լինելու մասին` վկայակոչելով ԵԺԿ խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը, որը Միլանի դատախազության կողմից 2012-2014 թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար է մեղադրվում: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ընդհատեց հայ պատվիրակին` պատճառաբանելով, թե դատական գործընթացի տակ գտնվող գործի մասին իրավունք չունի խոսել: Այս միջադեպին հաջորդեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, նա Ռաֆայել Հուսեյնովին առաջարկեց դիմել հոգեբույժի: Նրան արձագանքեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը` «Կարգի եմ հրավիրում ձեզ, վիրավորանքներ մի հասցրեք Վեհաժողովում»: Նաիրա Զոհրաբյանը շարունակեց ելույթը: Ագրամունտն ասել էր. «Կարող եք շարունակել, սակայն խնդրեմ՝ վիրավորանքներ մի հասցրեք»: Եվ հետո անջատեց նրա բարձրախոսը` հայտարարելով, թե իրավունք չունեք նման բաներ ասելու, զրկվում եք ձայնից: Նաիրա Զոհրաբյանը նրան հակադարձեց՝ թե Դուք էլ իրավունք չունեք ինձ ընդհատելու, քանի որ Դուք ևս Ադրբեջանի կողմից կաշառված լոբբիստ եք և դրա համար ձեզ ձեռք չի տալիս, որ այս ամբիոնից հնչի մեկ այլ կաշառված գործչի մասին:


Նստաշրջանի աշխատանքների սկանդալային եզրափակման մասին ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին հարցրի.
-Հայ-իսպանակա՞ն, թե՞ հայ-ադրբեջանական հողի վրա էր սկանդալը:
-Ստրասբուրգի, Ստրասբուրգի հողի վրա էր, որտեղ գտնում են եվրոպական կառույցները և որը համարվում է ԵՄ երկրորդ մայրաքաղաքը՝ Բրյուսելից հետո: Նիստից անմիջապես հետո ես հանդիպում եմ ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ և ասել եմ, որ բացարձակ անընդունելի պահվածք է ԵԽԽՎ նախագահի կողմից՝ անջատել պատվիրակի խոսափողը՝ կանոնակարգը նրան նման իրավունք չի տալիս: Ազատ դեբատի ընթացքում պատգամավորի համար կա մեկ սահմանափակում՝ չես կարող խոսել այն թեմայից, որը քննարկվել կամ քննարկվելու է լիագումար նստաշրջանում: Որևէ այլ սահմանափակում՝ խոսել միայն ավարտված հետաքննություններ մասին կամ չխոսել այն հետաքննությունների մասին, որոնք դեռ ավարտված չեն, չկա: ԵԽԽՎ կանոնակարգը չի սահմանում, որ նախագահողը կարող է ընտրել, թե որ թեմայի մասին խոսի պատգամավորը, ոչ էլ նախագահողը գրաքննիչ է ու գրաքննության իրավասություն ունի: Առավոտյան այդ թեմայի վերաբերյալ խոսել ենք նաև բյուրոյի նիստի ժամանակ, ես բարձրացրել եմ այդ հարցը և առաջարկել, որ բյուրոն առաջիկայում իր նիստերից մեկի օրակարգ ներառի և քննարկման առարկա դարձնի վեհաժողովում գույություն ունեցող և արդեն շատ հաճախ մեր բանավեճերի ընթացքում արծարծվող այս հարցը, նաև ընդգծելով, որ մի խումբ պատգամավորներով մենք նախաձեռնել ենք հատուկ զեկույց, կանոնակարգերի և գործակարգերի կոմիտեն նշանակել է զեկուցող եվրոպահպանողականների խմբի ղեկավար Լիդլ Գրանյեին, պետք է նաև արագացնել այդ աշխատանքը: Թեև բյուրոյի մի շարք անդամներ համաձայն էին, այնուամենայնիվ նախագահը նյարդային ընդունեց ասվածը, թեև, իհարկե, շատ ավելի քաղաքակիրթ: Բրիտանացի պատվիրակներից մեկն առաջարկեց անդրադառնալ թեմային, երբ քննությունն ավարտված կլինի, ես համաձայնեցի, քանի որ դա առաջարկ էր և այսպես թե այնպես այդ օրվա օրակարգի թեմա դա չէր կարող լինել:
-Ինչու՞ է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդն այդքան ցավագին տանում Լուկա Վոլոնտեի դեմ հետաքննության հիշատակումը:
-Ոչ միայն Պեդրո Ագրամունդը: Արդեն բյուրոյի նիստի ժամանակ նա շատ էր նյարդայնացել, ու դա ակնհայտ էր: Եթե հետաքննության կծիկը բացվի, նորանոր անուններ են ի հատ գալու Լուկա Վոլոնտեից բացի, տարբեր ուղղություննրով է հարցը ծավալվելու: Ուստի շատերը համախմբված պաշտպանվում և պաշտպանվելու են, դա այլ թեմա է: Մեր հանդիպման ժամանակ ԵԽԽՎ նախագահը փորձեց մեղադրել մեզ, բայց արագ տեսավ, որ դա չի ստացվի ու սկսեց արդարանալ, որ Նաիրա Կարապետյանի խոսափողը չի անջատել, թողել է, որ նա խոսի, իսկ Նաիրա Զոհրաբյանի մասով էլ արդարանում էր, թե նա վիրավորում է Ռաֆիկ Հուսեյնովին՝ հոգեբույժի մոտ ուղարկելով՝ ԵԽԽՎ-ն ավանդույթներ ունեցող կառույց է, չի կարելի անձնական վիրավորանքներ հասցնել: Ես առարկեցի, որ ավանդույթը պիտի բոլորին վերաբերի՝ Հուսեյնովը վիրավորելու իրավունք ունի, իսկ եթե վիրավորում է, մենք նրան պատասխանելու իրավունք ունենք: Ագրամունդը անգամ ստիպված եղավ ասել, թե Հուսեյնովի ելույթի ժամանակ ինքը չէ նիստը նախագահել: Հանձնարարականներ եղան աշխատակազմին վերլուծելու ազերի առավել ամբարտավան պատվիրակների մեկ տարվա ելույթները՝ տեսնելու համար՝ որքան հաճախ են նրանք խախտել պառլամենտական ավանդույթը իրենց ելույթներում և ինչ վիրավորանքներ են հասցրել այլ պատվիրակների:
-Թուրք-ադրբեջանական պատվիրակության դժվար օրերը ԵԽԽՎ-ում միայն հա՞յ պատվիրակներն են ապահովում:
-Ոչ, իհարկե, բոլորն էլ ամեն ինչ հասկանում են, ամեն ինչ գիտեն ու Հայաստանի ԱԺ պատվիրակության ելույթները ընդունում են նաև ծափահարություններով: Բայց ԵԽԽՎ-ը համաշխարհային քաղաքականության մասն է կազմում և համաեվրոպական խորհրդարանական հարթակում նույն շահերն են գործում ու նույն քաղաքականությունն է՝ ինչ միջազգային մյուս ասպարեզներում: Կարծում եմ՝ ոչ ոք արդեն չի էլ զարմանում, որ Հայաստանի փոքրաթիվ պատվիրակությունը ընդունում է մարտահրավերը և հակահարված է տալիս իրենից թվով մի քանի անգամ շատ թուրք-ադրբեջանական պատվիրակությանը ու նրանց լոբբինգով զբաղվողներին: Փաստորեն՝ սրանք մարտեր են առանց կանոնների, երբ ԵԽԽՎ նախագահն իրեն թույլ է տալիս անջատել պատգամավորի խոսափողը՝ խախտելով վեհաժողովի կանոնակարգը: Բայց մենք այստեղ նաև ունենք այլ՝ առավել կարևոր խնդիր՝ ներկայացնել մեր երկիրը, բարեփոխումները, որ կատարվում են մեր երկրում և այն ճանապարհը, որով մենք ընթանում ենք և նպատակները, որ դրել ենք մեր առջև: Վեհաժողովում կա այն առողջ հանրությունը, որը այստեղ է գալիս այդ նպատակային աշխատանքը անելու համար և մենք էլ ԵԽ-ին անդամակցել ենք հենց այդ նպատակով; Կարծում եմ՝ հաջորդ նստաշրջաններում էլ միջադեպեր լինելու են, բայց դեմ եմ սկանդալ արտահայտությանը: Սկանդալ չէ, երբ դու պաշտպանում ես ճշմարտությունը և քո երկիրը, դա մեր աշխատանքն է: Սկանդալ է, երբ դու զրպարտում ես ուրիշին, երբ ուրիշին ես վերագրում հենց քո արածները: Լուսահոգի Միքայել Դանիելյանը վախճանվել է սրտի կաթվածից ու հայտարարել, որ նա սպանվել է, նվազագույնը անհեթեթ է, բայց չես կարող տանել ու ԵԽԽՎ պատվիրակներին բաժանել Միքայել Դանիելյանի մահվան վկայականը, որտեղ արձանագրված է մահվան պատճառը: Ռաֆիկ Հուսեյնովին ուրիշ բան չի մնում՝ արդարանալու իբրև մի երկրի պատվիրակ, որտեղ լրագրողներն ավելի շատ բանտերում են, քան աշխատատեղում, որտեղ գրաքննությունը լրագրության միակ ձևն է, իսկ ազատ խոսքը սպանում է՝ ինչպես թթվածինը նրանց, որ ապրում են շունչները պահած: Ու եվրոպացիները դա շատ լավ գիտեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ